Հանրային ռադիոյի և հեռուստատեսության եթերում պետք է արտացոլվի հասարակության պահանջարկը՝ Հանրային ռադիոհեռուստատեսության 2014-ի տարեկան հաշվետվության խորհրդարանական քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Օբյեկտիվ լինելու համար ամեն ինչ պետք է նայել համեմատության մեջ, տեսնել՝ ինչպես էր իրավիճակը երկու-երեք տարի առաջ ու գնահատել՝ կա՞ դրական տեղաշարժ, թե՞ ոչ: Բոլոր ուղղություններով արձանագրվել է առաջընթաց, բայց, բնականաբար, մեր ցանկությունները ավելին են»,- նշեց Շարմազանովը: Հանրային ռադիոյի աշխատանքը, մշակութային, կրթական, լրատվական ծրագրերը բաց են, հրապարակային, բազմաբովանդակ. «Եթե տարիներ առաջ Հանրային ռադիոն չէր կարող այլ ռադիոընկերությունների հետ մրցակցության մեջ լինել, հիմա համոզված եմ, որ այդպես չէ»՝ ասաց ԱԺ փոխնախագահն իր արտահերթ ելույթում: Հանրային հեռուստաընկերության առնչությամբ Էդուարդ Շարմազանովը շեշտեց, թե սուբյեկտիվ են ընկալումները, որ Հ1-ի լրատվական թողարկումը բազմակարծություն չի ապահովում. «Այստեղ յուրաքանչյուրիս թվում է, որ ամենակարևորը հենց մեր ելույթն է: Մենք այս ռակուրսով պետք է չնայենք: Եթե Էդուարդ Շարմազանովի ելույթը ցույց չեն տվել, չի նշանակում, որ բազմակարծություն չկա: Գուցե ես իմ մեջ պետք է դիտարկեմ հարցը, որ ելույթս կրկնվել է, կամ իմ խմբակցությունից մեկ այլ պատգամավոր ավելի ծանրակշիռ է հարցը ներկայացրել: Կարևորը այն է, որ չլինի իշխող ինֆորմացիա, լինի բազմակարծություն»: Նա շեշտեց, որ Հանրային հեռուստաընկերությունն առաջին հերթին պետք է ունենա կրթական ֆունկցիա, ցույց տա քաղաքացու մոդելը: «Իմ երեխան, որը յոթ տարեկան է, պետք է ձգտի նմանվել այն հերոսին, որը տրվում է Հանրայինով: Վերջին մի քանի տարիներին Հանրայինը գիտակցում է, որ ռեյտինգային հաղորդումների հետևից չպետք է ընկնի. սա լավ է: Եթե ռեյտինգի հետևից ընկնենք, առաջինը կլինեն անճաշակ կլկլոցներն ու էրոտիկ հաղորդումները: Եթե Կոմիտասը կամ դասական երաժշտությունը ռեյտինգային չեն, չի նշանակում, որ չպետք է ցուցադրվեն»,- նշեց Շարմազանովը՝ ասելով, որ նման հաղորդումները պիտի նայվող ժամերին ցուցադրվեն: Նա կարևորեց քրիստոնեական բնույթի հաղորդումների առկայությունը՝ ասելով, որ Հայաստանը՝ որպես առաջին քրիստոնյա պետություն, պետք է կրթի հանրությանը, որովհետև կա թյուրըմբռնում: «Հոգևոր, եկեղեցական հաղորդումներին ուշադրություն դարձրեք»,- կոչ արեց Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահն անդրադարձավ նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի բարձրացրած հարցին, թե միջազգային կառույցներում Հայաստանը քարոզչական տեսանկյունից պարտվում է, և ասաց, որ 2016-ի պետական բյուջեով պետք է քննարկվի գումար հատկացնելու հարցը, որ լրագրողները կարողանան լուսաբանել միջազգային կառույցներում Հայաստանի պատվիրակության աշխատանքները: «Դա ինձ չի պետք, ոչ էլ մեկ այլ պատգամավորի, դա պետք է բոլորիս, առաջինը՝ մեր հանրությանը, որովհետև այս աշխարհում հաղթում է նա, ով օպերատիվ է»,- եզրափակեց նա։